Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջակողմյան կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը խոստացել է իր ուժերի ներածին չափով անել ամեն ինչ, որպեսզի հասնի ԵՄ-ի փլուզմանը։ «Ի՞նչ կարելի է անել, որպեսզի ԵՄ լինի ավելի լավը: Պետք է խորտակել այն: Անձամբ ես միայն մի բան եմ ակնկալում այս եվրոպական միավորումից` պայթյուն»,- ասել է նա ֆրանսիացի լրագրողներին:
Ըստ Լե Պենի, «պետք է սպասել այն պահին, երբ ԵՄ-ը վերջապես կփլուզվի: Հնարավորության դեպքում պետք է նաև նպաստել դրան: Միայն դրանից հետո մենք կարող ենք շարունակել Եվրոպայի շինարարությունն ազատ ազգերի հետ»:
Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ նման հայտարարությունները հատկապես հիմա շատ կարևոր են, քանի որ նրա կողմնակիցները մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում կարող են հասնել լավ արդյունքների: Ifop ինստիտուտի կողմից անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Ֆրանսիայում այս ընտրություններին «Ազգային ճակատը» կարող է առաջ անցնել բոլոր կուսակցություններից` ստանալով է 24 տոկոս ձայն:
Հարցին, թե ինչի են ձգտում հասնել նրա կողմնակիցներն ընտրվելու դեպքում, Մ. Լե Պենն ասել է. «Կարևոր չէ: Նման դեպքում մենք կարգելափակենք այդ ԵՄ դաշնակիցների հետագա զարգացման բոլոր փորձերը»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ